Բոլոր նրանց համար, ովքեր ձանձրացել են տանը, ներկայացնում ենք չինական խոհանոցի ամենասիրված 3 ուտեստները, իսկ դուք մեկնաբանություններում նշեք, թե հաջորդ հրապարակումներում այդ ուտեստներից ո՞րի բաղադրությանը և պատրաստման եղանակին կցանկանայիք ծանոթանալ:
- Պեկինյան բադ: Ասում են՝ Չինաստան ճամփորդելիս այս ուտեստը փորձելը պարտադիր պայմաններից մեկն է: Պեկինյան բադը հանդիսանում է Չինաստանի ինքնատիպ խորհրդանշան և հայտնի է ամբողջ աշխարհում: Շատ հայտնիներ ուտեստը նշում են իրենց ամենասիրելիների շարքում: Պատրաստման գործընթացը մի փոքր բարդ է, սակայն արդյունքը հաստատ արժե այդ «տանջանքին»:
Պեկինյան բադը պարտադիր մատուցում են բարակ կտրած կտորներով սոյայի և քաղցր սոուսի հետ միասին: - Խոզի միս քաղցր թթու սոուսով: Հակադիր համերի համադրությունը, թերևս, չինական խոհանոցի ամենակարևոր առանձնահատկություններից է: Այս ուտեստի գաղտնիքը բոլոր բաղադրիչները ճիշտ կտրելն է. դրանք պետք է ձևով և չափով չտարբերվեն միմյանցից: Դե սոուսն էլ, իհարկե, ունի իր գաղտնիքը, որը առանձնահատուկ համ է հաղորդում ուտեստին՝ դարձնելով խոզի միսը ավելի հարուստ և հյութալի:
- Հավ Գունբաո: Ամենահայտնի ուտեստների մեջ չէր կարելի մոռանալ նաև Գունբաոյի մասին: Այս ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ է հավի միս, գետնանուշ և չիլի բիբար: Իսկ հետաքրքիր անվանումը կապված է հեղինակի հետ, ով ապրել է Ցին դինաստիայի ժամանակաշրջանում և զբաղվել է թագաժառանգի դաստիարակությամբ: